Այգաբացն իմ հայրենի լեռներում անկրկնելի է ու չքնաղ: Պարզկա, աստղաշատ գիշերը ծեր կնոջ նման դժվարությամբ է հավաքում իր սև շրջազգեստի փեշերը անդնդախոր ձորերից:
Գիշերը չի ուզում զիջել իր իշխանությունը Արևին: Սակայն երկինք մխրճված հինավուրց լեռները չեն ուզում հնազանդվել Գիշերին, պատռում են նրա սևաթույր կուրծքն ու ողջունում Արեգակի մուտքը, քանզի Արևը նրանց քարեղեն, հուժկու սրտում իր կարմիր կրակն է վառել:
Արթնանում է Արևը: Գեղեցկուհու նազանքով տարածում է ոսկեզօծ վարսերը և շաղ տալիս հպարտ լեռների ճերմակ գագաթներին, գրկում է իր ոսկեհուռ մատներով նրանց առնական պարանոցը:
Թելաշարից պոկված ու փայլուն ուլունքների նման շաղ եկած աստղերը Արևի պայծառությունից խամրում ու գունատվում են մեկեն և թաքնվում, կորչում տիեզերքի անհունում: Արևն իր ողջ շքեղությամբ կռթնում է ձյունապատ լեռների աստվածամերձ կատարներին, որոնք նրա ճառագայթներից փայլում են երփներանգ ադամանդի պես:
Արևը հպարտ, սիգաճեմ բարձրանում է երկնակամարով ու անփութորեն չորս կողմ նետում իր շքեղ ծիրանիի քղանցքները:
Լեռների կուրծքը զարդարող սաղարթախիտ ծառերը սվսվում են վաղորդյան հովից և հանդարտ բացում Արևի պայծառ լույսից կկոցած աչքերը: Թաքստոցից դուրս ցատկած քարայծը, քարերը գլորելով, կանգնում է ժայռի կատարին և դիմավորում այգաբացը, որն ամեն օր դյութիչ հեքիաթի նման նորովի է կրկնվում:
Լեռների Արծիվը հպարտ ու ասես արհամարհանքով է նայում լեռներն ի վար` դեպի անդնդախոր ձորերը, ապա թափահարում է հուժկու թևերն ու թռչում լեռներն ի վար` իր որսն անելու:
Շուտով դաշտերում և այգիներում հայտնվում են շինականները` իրենց առաջին աղոթքն ասելու Արևին ու Հողին և արդար աշխատանքին:
Սկսվում է Աստծո Օրը, որ նաև մարդունն է:
Խաղաղ է ու ստեղծագործ մեր լեռների լանջերին ապրող մարդը:
Եվ այդ խաղաղ և ստեղծագործ Ոգին տարածվում է լեռներն ի վեր և անդունդներն ի վար, սփռվում է դաշտերում և անդաստաններում, արտերում և այգիներում և մարդկանց հոգում:
Գեղեցիկ է ու կախարդիչ այգաբացն իմ հայրենի լեռներում:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
1969 թ.
Հ.Գ․
ՈՒ՞ր կորան կախարդական ու հոգեհմա, բարի խաղաղությամբ լեցուն մեր Այգաբացները:
Ո՞վ խորտակեց մեր հուզառատ, երազներով լի և անվրդով Այգաբացները:
Նզովք նրան․․.